Երկուշաբթի Ցյուրիխում հայտնի դարձավ անցած օրացուցային տարվա լավագույն ֆուտբոլիստը: «Հայտնի դարձավ» ասելով՝ բնականաբար նկատի ունենք խնդրի պաշտոնական կողմ-ճանաչումը. թե չէ այդ ո՞ւմ հայտնի չէր, որ լավագույնը՝ ընդհանրապես ու առհասարակ, մեկն է, ու այդ մեկը Լիոնել Անդրեաս Մեսին է՝ համաշխարհային ֆուտբոլի բոլոր ժամանակների անգերազանց աստղը, ում վերերկրային լինելն արդեն կասկած չի հարուցում անգամ նրանց մոտ, ովքեր մինչ վերջերս համոզված էին, որ երկիրը միակն է տիեզերքում, իրենք էլ նրա պահապան հրեշտակներն են:
Մրցանակաբաշխությունում վիճարկվող «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգը որքան էլ առանցքային, այդուհանդերձ միակը չէր, ուստի եկեք գնանք բոլորին հարգանքի տուրք մատուցելու ու միայն վերջում գլխավորը հիշելու ճանապարհով՝ համոզմամբ, որ դրանից մեր Մեսին ո՛չ կխռովի մեզանից, ո՛չ էլ քիթը կկախի:
Մրցանակաբաշխությունը սկսվեց տարվա խորհրդանշական հավաքականի հռչակմամբ: Ոչինչ տարօրինակ չկա նրանում, որ այն ամբողջովին հիշեցնում էր Իսպանիա ֆուտբոլային գերտերության առաջնության երազանքի թիմը:
Դարպասում Իկեր Կասիլյա՞ս: Իհա՛րկե Իկեր Կասիլյաս:
Պաշտպանությունում՝ Դանի Ալվես, Հերարդ Պիկե, Սերխիո Ռամոս, Մարսելո՞: Հարկա՛վ՝ Դանի Ալվես, Հերարդ Պիկե, Սերխիո Ռամոս, Մարսելո:
Կիսապաշտպանությունում՝ Խավի Ալոնսո, Չավի, Անդրես Ինիեստա՞: Անշո՛ւշտ՝ Խավի Ալոնսո, Չավի, Անդրես Ինիեստա:
Հարձակման գծում՝ Լիոնել Մեսի, Ռադամել Ֆալկաո, Քրիշտիանու Ռոնալդո՞ւ:
Բա էլ ուրիշ ովքե՞ր:
Որոշ անունների առումով տարակարծություննե՞ր ունեք:
Ի՞նչ կա որ: Ո՞վ է ձեր բերանը կապում կամ զսպաշապիկ հագցնում:
Արտահայտվեք: Ի սեր Աստծո՝ ներս մի գցեք, արտահայտվեք: Սակայն այս դեպքում բարի եղեք նշել, թե ձեր նախընտրած թեկնածուն որակական ի՞նչ առավելություն ունի ցուցակի «վիճելի» անդամից (հասկանալի է՝ անձնական համակրանքներն ու հակակրանքները թողնում ենք մի կողմ):
Ասում եք՝ սա ինչ-որ տեղ հարգանքի տուրք էր Իսպանիայի ընտրանու աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն լինելո՞ւն:
Է, հա: Ասվածն ընդունենք անվերապահորեն: Բայց հարցնենք՝ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն հենց այնպես են լինո՞ւմ:
Աշխարհի այդ քանի՞ եզրափակիչ եք տեսել, երբ մրցակից թիմը գնդակ խլելու անհուսությունից քարացած կանգնել է տեղում, Եվրոպայի այդ քանի՞ առաջնություն եք տեսել, երբ հակառակորդ թիմի հետ ինչ ուզել՝ արել են, այն դեպքում, երբ այդ նույն թիմի հետ խմբային հանդիպման արդյունքից ոգևորված կարծել եք, թե՝ էս է, Պրանդելիի հավաքականը կուտի Բոսկեի տղաներին:
Ինչպես տեսաք, կամա, թե ակամա, եկանք-հասանք «գեներալներին»:
Որևէ մեկը տրամաբանական զարգացումներից դո՞ւրս է տեսնում Վիսենտե դել Բոսկեին տարվա լավագույն մարզիչ ճանաչելը, որքան էլ խարիզմատիկ էին ու անվիճելիորեն տաղանդավոր մյուս երկու հավանական թեկնածուները՝ մեր շատ սիրելի Պեպ Գվարդիոլան ու ոչ պակաս ընդունելի Ժոզե Մոուրինյոն, ում` մրցանակաբաշխության չներկայանալու մեջ, ի տարբերություն Քրիշտիանու Ռոնալդուի, այնուամենայնիվ տղայական բան կար: ՈՒ քանի որ արդեն խոսք ենք բացել սույն անվանակարգից, ասենք, որ լավագույն կին մարզիչ է ճանաչվել օլիմպիական խաղերի չեմպիոն հռչակված Ամերիկայի Միացյալ Նահանգների կանանց ֆուտբոլային ընտրանին գլխավորած Պիա Սունդհագեն:
Գնանք առաջ:
Մրցանակաբաշխությունում արժանին մատուցվեց աշխարհահռչակ Ֆրանց Բեկենբաուերին, մարդ, ով թե՛ որպես մարզիկ, թե՛ որպես մարզիչ, թե՛ որպես ուղղակի ֆունկցիոներ զգալի հետք է թողել համաշխարհային ֆուտբոլում: ՖԻՖԱ-ի նախագահի մրցանակը «կայսր Ֆրանցի» ունեցած բազմաթիվ մրցանակների մեջ մի հավելյալ զարդ է, վաստակի գնահատական:
Սառցալեռան պես երևացող ու չերևացող կողմեր ունեցող մյուս մրցանակը, որ տրվում է Fair Play-ի համար, բաժին հասավ ՈՒզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիային: Քանի որ սրանից առանձնապես գլուխ չենք հանում՝ բացի անվան ընկալումից, ձեր խոնարհ թույլտվությամբ անցնենք լեգենդար ֆուտբոլիստ Ֆերենց Պուշկաշի անվան մրցանակին, որի արդյունքներն ամփոփվեցին բառացիորեն մրցանակաբաշխության ընթացքում:
Տարվա ամենագեղեցիկ գոլի հեղինակ ճանաչվեց թուրքական «Ֆեներբախչե» ակումբում հանդես եկող սլովակ Միրոսլավ Ստոխի խփած գոլը: Այստեղ ստիպված ենք հիշել «Ճաշակին ընկեր չկա» հայտնի արտահայտությունը, որովհետև, գոնե իմ մերձ շրջապատի համոզմամբ, իսկ նրանք գերազանցապես արվեստին մոտ կանգնած մարդիկ են, «Ամերիկա դե Կալի» թիմի դարպասը խփած գոլի համար այդ մրցանակը պիտի տրվեր Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոյին: Ինչ վերաբերում է մրցանակային եռյակում ընդգրկված այդ նույն մրցանակի անցած տարվա դափնեկիր Նեյմարին, ապա երևի թե ավելի ճիշտ կլիներ նրա խփած գոլի համար սահմանել մեկ այլ անվանումով մրցանակ: Դիցուք՝ «Ամենագեղեցիկ անցումից հետո խփած գոլ»: Սակայն եկեք քթիմազություն չանենք, մարդկանց կատարած ընտրությունը թողնենք իրենց խղճին ու համոզմունքներին, մանավանդ որ Ստոխի պարագայում հայերիս հոգին նրբորեն շոյող, թե չշոյող ինչ-որ բան կա, եթե որոշակի առումով «հայկականության» տարրեր տեսնենք նրա՝ մեր ազգայինի դեմ խաղացած լինելու մեջ: Համենայն դեպս, գոնե անգամ կույր վիճակահանության կամոք, ո՛չ Բրազիլիայի, ո՛չ էլ Կոլումբիայի ընտրանիները մեր կողմերում չեն «զարկվել», որ Նեյմարի ու Ֆալկաոյի համար կպած «դոշ» տայինք:
Եթե նկատեցիք, տերյանական «սահուն քայլերով, աննշմար որպես քնքուշ մութի թև» տողերով մոտեցանք հանգուցային երկու՝ «Տարվա լավագույն ֆուտբոլիստ», «Տարվա լավագույն ֆուտբոլիստուհի» անվանակարգերին, թեպետ այստեղ երկրորդը, կանանց ֆուտբոլի պակաս հանրաճանաչության պատճառով, էապես զիջում է առաջինին: Սակայն սա այն դեպքն է, որտեղ մարդկության գեղեցիկ կեսի զգայուն հոգին չկոտրելու համար պիտի հավասարության նշան դնենք սեռերի միջև՝ թեկուզ զուտ շառից ու փորձանքից հեռու մնալու պաշտպանական ազնիվ նկատառումներից ելնելով (տարին մի կարգին չսկսված՝ մեր աննրբանկատության պատճառով գլխներիս փորձանք չբերենք):
«Տարվա լավագույն ֆուտբոլիստուհի» անվանակարգում առաջնայնությունը տրվեց Էբի Վամբախին (ԱՄՆ-ի հավաքական): Լավագույնի համար այստեղ նրա հետ մրցակցում էին նրա թիմակցուհի ու հայրենակցուհի Ալեքս Մորգանն ու աշխարհում հինգ անգամ լավագույնը ճանաչված բրազիլուհի Մարթան: Ավելորդ չի լինի նկատել, որ 2012-ի արդյունքներով Էբի Վամբախը ճանաչվել է Նահանգների առհասարակ լավագույն մարզիկ՝ հետևում թողնելով բազմաթիվ օլիմպիական չեմպիոնների ու չեմպիոնուհիների: Եթե մի կողմ թողնենք այն, որ իր ո՛չ տնտեսական, ո՛չ քաղաքական, ո՛չ ռազմական, ոչ էլ ես ինչ իմանամ իր ինչական մյուս առումներով Ամերիկան մեզ համար «ասնավանի» չէ (գիտեք՝ այդ մենք ենք, որ եղել ենք, կանք տիեզերակենտրոն տարր), այդուհանդերձ, զուտ մարդկային առումով, ինչպես աշխարհի, այնպես էլ մեզ համար ընդունելի է ՖԻՖԱ-ի շրջանակներում հօգուտ մարզուհու կատարված ընտրությունը:
Արդ՝ այստեղ է, որ, նմանակելով մեծն Իսահակյանին, պիտի ասենք՝ «ելանք շոշ»:
Տարվա լավագույն ֆուտբոլիստի հարցը սկզբունքորեն լուծված էր ու լուծված էր հօգուտ Մեսիի, որքան էլ, այլ թեկնածուների նախապատվություն տալով, ոմանք ջանում էին օրիգինալ լինել կամ երևալ (իսկ գուցե անկեղծորեն հավատո՞ւմ էին): Հանուն ճշմարտության ասեմ, որ խնդրո առնչությամբ փոքրիկ թերակարծություն ունեցել եմ ես: Սակայն իմ տագնապը պայմանավորված էր նրանով, որ աշխարհը կարող է հոգնությունից մեկ ուրիշի նախընտրել, թեպետ երկու ամիս առաջ գրած հոդվածում նշել էի, որ ամսի յոթին բաժակ ենք բարձրացնելու ու խմելու ենք հենց Մեսիի կենացը:
Լեոն, այո, նորից հաղթեց: Կարող է ուղտի ականջում քնածներ լինեն, դրա համար եմ ասում, որ այս նորիցը նշանակում է չորրորդ անգամ:
Անընդմեջ:
Այո, ամսի յոթին կերտվեց նոր պատմություն, որովհետև, երբ անցած տարի հրաշք արգենտինացին դարձավ «Ոսկե գնդակի» եռակի տիրակալ, աշխարհը բնավ էլ չզարմացավ կամ էլ զարմացած չէր, փաստն ընդունելով որպես իրողությունների տրամաբանական զարգացման բնական դրսևորում: Հիշեցնենք, որ նրանից առաջ համաշխարհային ֆուտբոլում նման նվաճման էին հասել Յոհան Կրոյֆը, ՈՒԵՖԱ-ի ներկայիս նախագահ Միշել Պլատինին, Մարկո վան Բաստենը: Անցած տարվա «Ոսկե գնդակի» մեջ միակ նորությունն այն էր, որ Լեոն ընդհատեց հեղինակավոր մրցանակի եռակի անընդմեջ տիրակալ լինելու ֆրանսիացու մենիշխանությունը:
Այս տարվա «Ոսկե գնդակով» նա աշխարհում արդեն միակն է, ու այդ միակը լինելու մեջ սկզբունքորեն էականը օրացուցային մեկ տարվա ընթացքում ո՛չ նրա խփած իննսունմեկ գոլն է, ո՛չ աշխարհի ուժեղագույն ընտրանիներից մեկի ավագ կամ էլ աշխարհի թիվ մեկ ակումբի անդամ լինելն է: Ինչ խոսք, որ սրանցից յուրաքանչյուրն ինքնին գումարելի է նրա համընդհանուր ճանաչման ճանապարհին, սակայն Մեսին նախ և առաջ Մեսի է իր մանկական նվիրվածությամբ կախարդական գնդակին՝ այդ գնդակին տիրելու իր սահմաններ չճանաչող տաղանդով, իր հնարավորությունների անհորիզոնականությամբ, վերջապես, իր բացառիկ մարդկային որակներով: Այսինքն, ի՞նչ եմ գլուխ ցավեցնում: Ինչ ասելու եմ, ինձնից լավ գիտեք: ՈՒստի ես էլ միանամ ձեզ ու ասեմ՝ Լեո, սպասում ենք հաջորդ «Ոսկե գնդակներին»:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ